Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Արցախի Ճարտար քաղաքի բնակչուհի Հելեն Դադայանի հարազատներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի առաջ՝ պահանջելով աղջկա աճյունը տեղափոխել հայրենիք:
Ակցիայի մասնակիցներին է միացել նաև պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ով առաջարկել է դիմել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովին։
«Օդանավակայանում հանդիպել ենք Լենցովին, ով ասել է, որ սպասենք, եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է բանակցեն, որպեսզի ծնողները գնան ու մասնակցեն հուղարկավորությանը»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է Հելենի եղբայրը` Նվեր Ստեփանյանը։
Վերջինս նշել է, որ արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է, ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։
«Հիմա եկել ենք այստեղ` խնդրելու, որպեսզի կատարեն իրենց գործը, իսկ թե ինչու չեն կատարում, գոնե պատճառն ասեն։ Մեր հարցին այդպես էլ չի պատասխանել գրասենյակի ղեկավարը։ Թողել և հեռացել է։ ԿԽՄԿ-ն այս պահին, փաստորեն, սպասում է Ադրբեջանի պատասխանին»,- հավելել է նա։
Օգոստոսի 18-ին արցախցի երիտասարդները Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու պահանջով ակցիա են իրականացրել նաև ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ։
Օգոստոսի 14-ին ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն» մարդատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, վեց վիրավոր հոսպիտալացվել էր։ Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն գործ էր հարուցել։ Օգոստոսի 17-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել վթարի մասնակից՝ «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։