ԼՂ-ում լայնամասշտաբ զինված հարձակման դադարից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարություններով է հանդես եկել՝ խոսելով սեփական կորուտների և ՀՀ-ի հետ հետագա աշխատանքի ու պայմանավորվածությունների մասին։
«Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց պետք է համոզված լինենք, որ հակառակ կողմը չի ապրում ռևանշիզմի գաղափարներով։ ՀՀ ղեկավարությունը ԼՂ շուրջ իրավիճակում ցուցաբերեց կոմպետենտություն, Բաքուն դա գնահատում է»,- նախագահ Ալիևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը մեկ օրվա մեջ հասել է իր բոլոր նպատակներին և վերականգնել իր ինքնիշխանությունը՝ նշելով, որ ԼՂ-ում իրականցրած գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն ունի զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ սպաներ։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են նաև, որ ԼՂ հարցի վերաբերյալ Իլհամ Ալիևը զանգեր է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելից։
Նշվում է, որ Մակրոնն Ալիևին կոչ է արել երաշխիքներ տրամադրել հայերի անվտանգության համար, իսկ Միշելը հրադադարի հույս է հայտնել և դրական է գնահատել Եվլախում հանդիպելու պայմանավորվածությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շառլ Միշելը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապահովել հրադադարի ռեժիմ և անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 200 զոհի և 400 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին՝ նշելով, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ԼՂ շուրջ ստորագրված տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։
ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում գնդակոծության էր ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի հետևանքով զոհվել են 4, վիրավորվել՝ 1 անձ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ Արցախում շատ ծանր իրավիճակ է, մարդիկ սոված-ծարավ փողոցներում են։