Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապահովել հրադադարի ռեժիմ և անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։
«Այսօր առավոտյան հեռախոսազրույցում դիմել եմ նախագահ (Իլհամ) Ալիևին և կոչ արել Ադրբեջանի կողմից լիակատար զինադադար և անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Նրանց իրավունքները և անվտանգությունը պետք է հուսալիորեն երաշխավորված լինեն: Մուտքը պետք է ապահովվի անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 27 զոհի և 200 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, թե ինչ իրավիճակ է այս պահին Արցախում և ինչ վիճակում է Արցախի ժողովուրդը․ «Հիմա շատերը մոտակա գյուղերից, Ստեփանակերտից կամ քաղաքի ծայրամասերից պարզապես թեթև հագնված, սոված-ծարավ փողոցներում են։ Այստեղ-այնտեղ գետնին ուղղակի նստած են։ Շատ ծանր իրավիճակ է, շատերը փորձում են իրենց հարազատներին գտնել, քանի որ կապը կորցրել են․ հոսանք չլինելու պատճառով մարդիկ այլևս չեն կարողանում հաղորդակցվել միմյանց հետ։ Մեծ մասի հեռախոսներն այս պահին անջատված են»,- հայտնել էր նա։