ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է տեղեկությունը, թե Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից տեղահանված քաղաքացիներին ընդունելուց։
«Այդպիսի թեմա չի եղել։ Ավելին ասեմ՝ դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմաններն ապահովելու համար»,- ասել է նա
Նա հավելել է, որ կառավարությունը քննարկել է հնարավոր սցենարները և նույնիսկ հյուրանոցային համարներ է պատվիրել և մի քանի հազար տեղ պատրաստել բնակարանների համար։
«Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, մի քանի տասնյակ հազար կեցավայրեր ենք պատրաստել։ Սա արվել է այս շաբաթվա սկզբին, քանի որ, երբ որ պրոցեսը սկսվեց՝ հասկանալի էր, որ դա կարող է լինել սցենարներից մեկը։ Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, ովքեր ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանը իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա, այսինքն՝ Ադրբեջանն ասի՝ տեսեք ՀՀ-ն, ՀՀ հանրությունը, ԼՂ հայությունը որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ պետք է չմնա և դուրս եկան։ ՀՀ-ում մոտ ԼՂ մոտ 40․000 ընտանիք տեղավորելու աշխատանքներ են տարվել, բայց մենք չեն ուզում սրա մասին խոսել, քանի որ կարծու ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ և անվտանգ պայմաններում»,- ընդգծել է Փաշինյանը։
Փաշինյանն արցախցիներին ընդունելու Հայաստանի իշխանությունների մերժման մասին խոսակցություններն անվանել է երկրում ներքին քաոս և ցնցումներ առաջացնելու փորձ։
«Տեղեկություն ունեմ, որ նախօրդ օրը շուրջ 10․000 մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է եկեք, որովհետև հնարավոր է, որ տեղափոխվեք ՀՀ։ Նրանց լուսանկարել են, տեսանկարահանել են, որից հետո ասել են ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք։ Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է ՀՀ-ում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար։ ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման առաջին ժամերից փոխվարչապետը ստացել է հանձնարարական կենտրոնացնել ռեսուրսներ քաղաքացիների հնարավոր հոսքերը կառավարելու, տեղավորելու, նրանց սննդի, առողջության, կեցության, հիգիենայի հարցերը կարգավորելու համար»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Հայաստանը մտադիր չէ մեղսակից լինել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին, և էվակուացիան այս իրավիճակի պլան Ա-ն կամ Բ-ն պետք է չլինի, բայց պետք է լինի, անպայմանորեն, պլան Գ-ն։
«Ես կարծում եմ, որ էվակուացիան այս իրավիճակի պլան Ա-ն կամ Բ-ն պետք է չլինի, բայց պետք է լինի, անպայմանորեն, պլան Գ-ն՝ նկատառումով, որ հանկարծ չստացվի, որ մենք էթնիկ զտում ենք անում՝ դրա մեղավորությունից և պատասխանատվությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին»,- ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց հողի վրա, և այժմ՝ հրադադարի ներկա պայմաններում, ուղիղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա։
«Կան տեղահանված քաղաքացիներ և մենք միջազգային շփումներում դնում ենք նրանց վերադարձի խնդիրը։ Ըստ իրավիճակի գնահատականի պլան Գ-ն կարող է միանգամից վերածվել պլան Ա-ի, բայց արձանագրենք նաև, որ այս պահին Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Ադրբեջանի կողմից»,- հավելել է Փաշինյանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։