Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Ստեփանակերտի Կրկժան թաղամասն արցախցիները լքել են անվտանգության սպառնալիքի պատճառով, քանի որ ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը սեպտեմբերի 21-ին կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։