ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը չի բացառել ապագայում արցախցիների կոմունալ ծախսերի փոխհատուցման հնարավորությունը
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում ձմեռ է, չենք բացառում, որ ապագայում կդիտարկենք նաև կոմունալ ծախսերի փոխհատուցման հնարավորությունը»,- ասաց նա «Հումանիտար կենտրոնում» տեղի ունեցած ուղիղ հեռարձակման ժամանակ:
Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ բռնի տեսահանված արցախցիներին տրամադրելու են սննդի քարտեր՝ պարենային զամբյուղին համապատասխան գումարով, որպեսզի կարողանան պարենի խնդիրները լուծել:
Մկրտչյանը տեղեկացրեց, որ սոցիալական աջակցության քարտեզագրման նոր հարթակ է գործարկվել: Տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ ցանկություն են հայտնել աջակցություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը:
«Որպեսզի մենք նրանց հնարավորություն տանք նեցուկ լինել այց գործընթացին և ճիշտ տեղաբաշխենք ռեսուրսները, այս հարթակում արդեն 170 առաջարկ ենք ստացել, կրկին կգնահատենք կարիքները և դրանք համապատասխան կուղղորդենք»,- ասաց նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։
Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում: