Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե ինչ են քննարկել նոյեմբերի 1-ին Արցախի հարցով հրավիրված փակ քննարկմանը, որի մասին մանրամասներ է հայտնել «Հրապարակ»-ը։
Հավաքի նախաձեռնողներից Սուրեն Պետրոսյանը լրատվամիջոցի հետ զրույցում հիշեցրել է, որ հանդիպումը փակ է եղել, ուստի քննարկման բովանդակության մասին շատ բան չի կարող ասել։
«Կարող եմ ասել, որ պետականության պահպանման գործընթացը չափազանց իրատեսական և իրագործելի է։ Իհարկե, խոչընդոտներ կլինեն, տարբեր կենտրոններից ճնշումներ, բայց դա պարզ իրագործելի է»,- ընդգծել է Պետրոսյանը։
Նա նաև հավելել է, որ սկսված գործընթացի շուրջ կա լայն համախմբում՝ Հայաստանից և սփյուռքից շատերն են օժանդակելու, ֆինանսավորելու պատրաստակամություն հայտնել։ Հայտնի է դարձել, որ Արցախի հարցով փակ քննարկմանը շուրջ երեք տասնյակ մարդ է մասնակցել, այդ թվում՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ Արցախից ու Հայաստանից, ճանաչված արևելագետ Գուրգեն Մելիքյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, նախկին ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և այլք։
Նոյեմբերի 1-ին Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն զգուշացրել էր առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման սպառնալիքի մասին։ Ինստիտուտը հրապարակել էր «նախազգուշացման կարմիր դրոշը»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։