2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, որից հետո Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվեց հայրենի հողից։ Ադրբեջանի հարձակմանը նախորդել էր շուրջ մեկ տարի տևած շրջափակումը․ թշնամին փակել էր Լաչինի միջանցքը։ Եթե շրջափակման սկզբին թույլ էին տալիս հումանիտար բեռներ անցկացնել, ապա ընթացքում սկսեցին արգելել նաև հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ։ Armenia Today-ի նկարահանող խումբը շրջափակման առաջին իսկ օրերին տեղում է ծանոթացել իրավիճակին՝ այն ներկայացնելով իր ռեպորտաժներում։
Լաչինի միջանցքի շրջափակում
2022-ի դեկտեմբերի 13-ին, երբ Լաչինի միջանցքը նոր էր փակվել, Armenia Today-ի նկարահանող խումբը տեղում խոսել էր ճանապարհին մնացած քաղաքացիների հետ։ Մեր նկարահանող խումբը կապ էր հաստատել նաև Արցախի իշխանությունների հետ՝ հասկանալու Արցախում այդ պահին տիրող իրավիճակը, խնդիրները։
Ինչո՞ւ է Բաքուն կրկին փակել Արցախ տանող ճանապարհը և անջատել գազը
Շրջափակման 4-րդ օրը Armenia Today-ի նկարահանող խմբին հաջողվել էր հասնել շրջափակված Արցախի Մեծ Շեն և Լիսագոր համայնքներ ու զրուցել բնակիչների հետ: Մեծ Շեն գյուղ հասնելու համար մեր նկարահանող խումբը ռուս խաղաղապահների երեք անցակետ էր անցել, իսկ Լիսագոր գյուղ հասնելու համար՝ երկու։ Այս համայնքներում էին իջևանել քաղաքացիներ, որոնք ուղևորվում էին Արցախի այլ հատվածներ, բայց ճանապարհի փակվելուց հետո մնացել էին այս գյուղերում:
«Թե՛ մենք, թե՛ ադրբեջանցիք իշխանության ձեռքին խաղալիք ենք». ինչպես են ապրում շրջափակման մեջ հայտնված արցախցիները
Լիսագորը գտնվում է Արցախի հարավ-արևմտյան մասում, Շուշիի շրջկենտրոնից 18 կմ, իսկ Ստեփանակերտից 30 կմ հեռավորության վրա։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը պառակտել էր արցախցիների ընտանիքները, Հայաստանում բազմաթիվ երեխաներ մնացել էին առանց ծնողների, իսկ անչափահասները Ստեփանակերտում մնացել էին առանց մեծահասակների հսկողության։ Armenia Today-ի նկարահանող խումբը Լիսագոր համայնքում զրուցել էր շրջափակման հետևանքով Արցախից կտրված արցախցիների հետ։
Արցախցու պարագայում հույսը ո՛չ սկզբում է մեռնում, ո՛չ էլ վերջում․ Լիսագորի ապաստարանը
Այն բանից հետո, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը, Արցախի 1100 բնակիչ, այդ թվում՝ 270 երեխա, զրկվել են հայրենիք վերադառնալու հնարավորությունից։ Նրանցից մի քանիսը ժամանակավորապես հաստատվել են Գորիսում՝ սպասելով միջանցքի ապաշրջափակմանը։ Ինչպես են նրանք ապրում Արցախից ու սիրելիներից բաժանված՝ Armenia Today-ի ռեպորտաժում։
Արցախի դեմ Ադրբեջանի հարձակում, բռնի տեղահանում Արցախից
Ամիսներ տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ինչի հետևանքով Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվեց ու եկան Հայաստան։ Բռնագաղթի ճանապարհը մեր հայրենակիցներն անցել էին օրերով, որ հասնեն Կոռնիձորի հումանիտար կայան, քանի որ թշնամին այլ ելք չէր թողել։ Armenia Today-ի նկարահանող խումբը Կոռնիձորում զրուցել էր Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հետ:
Այդ օրերին Գորիս-Երևան ճանապարհին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ առաջին անհրաժեշտության իրերով բարձված ավտոմեքենաները շարժվում էին Երևան, մարզեր, համայնքներ։ Նախքան կհասկանային, թե որտեղ են նոր կյանք սկսելու, նրանք Կոռնիձորի հումանիտար կայանում հաշվառում էին անցնում, իսկ Գորիսի կոորդինացիոն կենտրոնում փորձում կացարանի խնդիր լուծել։ Armenia Today-ի նկարահանող խմբին Գորիսում Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները պատմել էին ինչպես պատերազմի, այնպես էլ իրենց առաջնահերթ խնդիրների մասին։