Բելգիայի Սենատում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և Արցախի հայ բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հեռանկարային միջոցները, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:
Քննարկումը կրում էր «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը/Արցախը» խորագիրը, որին մասնակցել են բելգիացի խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
«Բանախոսները միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և միջազգային հանրության արձագանքի տեսանկյուններից ներկայացրել են տարածաշրջանային զարգացումները։ Հատուկ ուշադրության են արժանացել միջնորդական ջանքերի կարևորության վերաբերյալ քննարկումները` անդրադարձ կատարելով հատկապես Եվրոպական միության դերին: Քննարկման մասնակիցները փորձել են նախանշել ապագա հեռանկարները, հնարավոր զարգացումները և կոնկրետ քայլերը՝ Արցախի հայերի անօտարելի իրավունքները պաշտպանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշում են, որ կլոր սեղանի չորս հիմնական բանախոսներն էին Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան և Քլինգենդաել ինստիտուտի համահիմնադիր Փոլ Միերթսը, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, «ԱՊՐԻ Արմենիա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը:
Սենատոր Մարկ Դեմեսմեյքերն անընդունելի է համարել Ադրբեջանի ագրեսիան և Արցախի էթնիկ զտումները։ Նրա խոսքով՝ պետք է ճնշում գործադրել ԵՄ-ի և միջազգային հանրության վրա՝ վերջ տալու անպատժելիությանը:
Բանախոսներից Վան Հուֆը նշել է, որ Արցախի խորհրդարանի շենքի քանդումը խորհրդանշում է Ադրբեջանի կողմից շարունակապես «մշակութային զտումը», և այդ հարցում չպետք է լռել:
ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքները շարունակվեցին 2023 թվականի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո: Հայաստան ժամանելուն պես Արցախի ժողովուրդը շարունակեց բախվել բազմաթիվ մարտահրավերների՝ նրանց կացության կարգավիճակից սկսած մինչև սոցիալական, բնակարանային, սննդի և աշխատանքի հետ կապված խնդիրները»:
Քննարկումն ավարտվել է հարցուպատասխանի ձևաչափով:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100․000 մարդ։