Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը Հայաստանում մնում է ծանր, բայց ունենք կայուն իրավիճակ։ Այս մասի պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ նշեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի չունենք համոզմունք, որ կայունությունը կպահպանվի, ուստի մեր միակ գործիքը՝ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման մեջ է։
Վարչապետը նշեց, որ շարունակում են լայնորեն իրազեկել, որպեսզի ՀՀ քաղաքացիները պահպանեն երեք կանոնները՝ կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորությունը, ախտահանեն ձեռքերը։
Փաշինյանն արձանագրեց, որ այն խնդիրը, որը դրվել էր՝ լուծվում է։ Դիմակների գները գնալով նվազում են, ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի։
Հաջորդ ուղղությունը՝ առողջապահական կարողությունների զարգացումն է։ Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն բավականին մեծ թվով թթվածնային սարքերի ձեռքբերում է ունեցել պետական բյուջեի միջոցների հաշվին, որն ավելի կթեթևացնի ծանր վիճակում գտնվող հիվանդների վիճակը:
Փաշինյանը հավելեց՝ նկատելի է, որ ամեն օր ավելի շատ քաղաքացիներ են հետևում հակահամաճարակային կանոններին, բայց քանի դեռ թվերի կտրուկ անկում չունենք, չենք կարող ասել, որ հակահամաճարակային կանոններին հետևում ենք բավարար չափով, և հաղթահարման գործիքը էլի մնում է հակահամաճարակային համընդհանուր շարժումը:
«Վարակի տարածման գործակիցը հիմա 1.1 է, այսինքն՝ մեկ վարակված մարդը վարակում է 1.1 մարդու, 10 հոգին՝ 11 մարդու, բայց ես ուզում եմ սրա հակադարձ բանաձևը առաջարկել, որ ամեն տասը հոգին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, իրենք ևս 10 հոգու հետևողականորեն աշխատեն՝ դրդեն, քաջալերեն, որ նրանք նույնպես պահպանեն կանոնները»,- նշեց վարչապետը՝ հորդորելով բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, օրվա մեջ 5 րոպե տրամադրեն քաղաքացիներին 10-20 դիմակ բաժանելուն: