Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից:
Մաքրման ենթակա տարածք է մինչեւ 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ՝ ճահճի վերածվել։
Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից ուղղված է Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը։
Հիշեցնեմ, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 140 հեկտար անտառածածկ տարածք։
Այս տարի նախատեսվել է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։
Այս պահին ամբողջությամբ մաքրված է շուրջ 50 հեկտար։
Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել լճի անխոչընդոտ առողջացումը։