Բաղրամյան պողոտայում մեկնարկեց Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով հանրահավաքը:
Փետրվարի 27-ին կայացած հանրահավաքում ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հայտարարություն տարածել՝ ի պաշտպանություն բանակի:
Նման կոչով Մանուկյանը դիմեց նաև մտավորականության ներկայացուցիչներին: «Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ: Հիմա ժամանակն է, որ մենք աջակցենք նրան: Մեր նպատակը մոտ է իրականացմանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը:
Վարչապետը այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ և դիմեց նախագահին՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու առաջարկով: Նախագահը չի ստորագրել վարչապետի միջնորդագիրը և առարկություններով վերադարձրել է նրան: Փաշինյանը դա երկրորդ անգամ ուղարկեց նախագահին:
Երեք օրվա ընթացքում նախագահը կամ պետք է ստորագրի փաստաթուղթը, կամ այն ուղարկի Սահմանադրական դատարան, որն իր հերթին որոշում պետք է կայացնի 10 օրվա ընթացքում: