Իշխանական պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Սերգեյ Մովսիսյանը և Վիկտոր Ենգիբարյանը առաջարկում են փոփոխություններ և լրացում կատարել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։
Օրինագծի քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ փոփոխության նպատակն է կրճատել հուղակավորության հետ կապված հարցերը և վերացնել կոռուպցիոն ռիսկերը։
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ նախագծով հստակեցրել են, թե ովքեր իրավունք ունեն հուղարկավորվել ընտանեկան գերեզմանում և ովքեր են հանդիսանում ընտանիքի անդամ։
«Սահմանել ենք, որ ընտանիքի անդամ են հանդիսանում ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ կամ ոչ հարազատ համահայր կամ համամայր եղբայրները/քույրերը, պապը, տատը, թոռները, ամուսինը, ամուսնու ծնողները, վերջինիս համար փեսան և հարսը»,- ներկայացրեց պատգամավորը։
Նախագծով նշվում է, որ մահացածի հուղարկավորությունը պետք է իրականացվի իր բնակավայրի գերեզմանատան սահմաններում և գերեզման օգտագործողի համաձայնությամբ՝ ազատ գերեզմանում կամ գերեզման օգտագործողի համաձայնությամբ՝ այլ գերեզմանատանը՝ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:
Պատգամավորը հայտնեց, որ յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվելու է շտեմարանում: Այն գեներացնելու է գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է լինելու: