Հունիսի 4-ին տեղի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանրությանն է ներկայացրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և Մեգերյան կարպետ ընկերության համատեղ նախաձեռնությունը։ Այս մասին Armenia Today-ին հայտնում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։
«Հյուրանոցի ճեմասրահում տեղադրվեց դազգահ, որի վրա գորգագործը մի քանի ամսում պետք է գործի «Արևագորգ»։ Այն պատկանում է Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին։Հայկական ավանդության մեջ գոյություն ունի հանգուցելու հավատքը, որով ուժ, կարողություն ու խորհուրդ ենք փոխանցել սերնդեսերունդ։
Այսօր, այս նախաձեռնության շրջանակում, յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ, որպես երազանք հզոր հայրենիքի, որպես հիշատակ կամ ի պատիվ մեր զինվորի։Յուրաքանչյուր հանգույցի արժեքն է 1000 ՀՀ դրամ:
Պատրաստ «Արևագորգ»-ը աճուրդի կհանվի։ «Արևագորգ»-ի համար նվիրաբերված յուրաքանչյուր լուման հայկական գորգագործական արվեստի պահապան Մեգերյան կարպետ ընկերությունը տրամադրելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նույնպես կարող են մասնակցել գորգի ստեղծմանը կայքի միջոցով` www.megerian.1000plus.am»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանը միջոցառման ժամանակ նշեց, որ Հիմնադրամն այս պահին ունի դրամահայթայթման կարիք․ «Հիմնադրամն էլ ասես այս հանգուցվող գորգը լինի, ամեն հանգույցը կարևոր է եղել ստեղծման առաջին օրից։ Այն գործել ենք, հանգուցել ենք ազգովի՝ հիմնադրամը մեր ազգի ձեռքբերումն է։ Չի լինելու որևէ դեպք, որը չհատուցվի․ Հիմնադրամի թիմն անում է հնարավորն ու անհնարը այդ ուղղությամբ»։