Սեպտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.9 %-ով։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։ Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 37.9%-ը կամ 34.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33,3 հազ. մարդու փոխարեն:
Պաշտոնական տվյալներով՝ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.4%-ը, կամ 60.8 հազար մարդ:
Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.5%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,7 %-ը, կամ 39.4 հազ. մարդ, գործազուրկ երիտասարդների թվաքանակը՝ 18.7%-ը կամ 11.3 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.1 % կամ 2.5 հազ. մարդ:
Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.5%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.1%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.2 %-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.7%-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.5%-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում են մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները:
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 64.2% -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 27.3%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 47.8%-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 24.9%-ը։
Ըստ տարիքային կազմի՝ գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 18.7%, 30-44 տարեկանները` 41.9%, 45-54 տարեկանները` 20.3%, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.1%:
Գործազուրկների 94.8%-ն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են: