«Ազատագրական շարժման» ներկայացուցիչները վաղ առավոտից կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
Նրանք իրազեկման ակցիա են անցկացրել Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում՝ բնակիչներին տեղեկացնելով, որ այսօր՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու։
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ շարժումը մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է կազմակերպում։ Նրանց նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ թույլ չեն տալու միջանցք տրամադրել թշնամուն, ինչպես նաև պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը
Հավելենք, որ շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։