ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 97 «կողմ» և 18 «դեմ» ձայներով ընդունեց «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:
Փաթեթով առաջարկվում է շինությունների սեփականատերերին սույն օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ բանկային հաշվին:
Օրենքների նախագծի փաթեթի ընդունմամբ կբարձրանա համատիրության անդամների պատասխանատվությունը և կստեղծվի հանրային միջոցների արդյունավետ բաշխման համակարգ:
Խորհրդարանը միաձայն՝ 115 կողմ ձայնով, ընդունեց նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի ու Բաբկեն Թունյանի օրինագիծը:
Օրենքի նախագծով առաջարկվում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական և կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաև գործառնական ծախսերը: