Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, հուլիսի 27-ին ժամը 11.00-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Համաձայն ՀՀ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրության՝ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
«Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,-նշվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: