Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
Նա նշել է, որ Հրանտ Մաթևոսյանի որդուց՝ Դավիթ Մաթևոսյանից, տեղեկացել է, որ Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի կառուցուման աշխատանքները արդեն մեկ տարի է ինչ կասեցվել են։ Հասմիկ Պապյանը նշում է, որ Հայաստանի նոր կառավարության պատկան մարմինները կառավարության պատվերով պետական բյուջեի միջոցներով կառուցվող մոտ մեկ միլիոն դոլար արժեքի կառույցը անուշադրության են մատնել: Հասմիկ Պապյանը գրել է, որ պաշտոնական կամ ոչ պաշտոնական բոլոր գրություններն ու հանդիպումները որևէ արդյունք չեն տվել:
« Չեմ հասկանում թե ինչ է կատարվում և ինչ տրամաբանությամբ, կամ տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում այս դեպքում: Մի կողմից փետրվարի 12-ը` գրողի ծննդյան օրը Մաթևոսյանից ցիտատով սկսող Փաշինյանը, մյուս կողմից կարծես թե շատ հանգիստ ու բնականոն է վերաբերվում կիսակառույց շենքի այս վիճակին, կառավարության ու ստորաբաժանումների անգործությանը » ։
Նա հավելել է, որ ցանկություն ունի մոտ օրերս այցելել շենք և մանրամասն ծանոթանալ իրավիճակին և կոչ արել ՀՀ վարչապետին և կառավարությանը հետևել իր օրինակին։
Հավելենք, որ դեռ 2018 թ հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը այցելել էր Երևանի Աբովյան պուրակում տեղակայված «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարան և ծանոթացել մշակութային կառույցում կատարված աշխատանքներին: Աննա Հակոբյանը ցանկություն է հայտնել «Իմ քայլը» հիմնադրամով մասնակցություն ունենալ կենտրոնի աշխատանքներին։ Նշենք նաև, որ մշակութային կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս 2015թ և նախատեսվում էր ավարտել 2-2.5 տարում։