Այսօր՝ մայիսի 10-ին, «Դիմադրություն» շարժումը Երևանում չորս ուղղություններով մտադիր է երթեր անցկացնել: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ այսօր՝ ժամը 12-ին, հավաքվելու են Երևանի չորս տարբեր վարչական շրջաններում և երթով շարժվելու են դեպի կենտրոն։
Երթերը կկազմակերպվեն ժամը 12:00-ից Գայի պողոտայից (Mega Mall առևտրի կենտրոնի դիմացի մայթ), Րաֆֆու փողոցից (Անդրանիկի արձանի հարևանությամբ), 15-րդ թաղամասից (Չաուշի արձանի հարևանությամբ) և Սասունցի Դավթի արձանի դիմացից։
Հայտարարվել է նաև քաղաքացիական անհնազանդության և այլ ակցիաներ իրականացնելու մասին: Երեկոյան՝ ժամը 19։00-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հերթական հանրահավաքը։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ։ Իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։