Սյունիքում քաղաքացիական անձնաց շրջանում վիրավորներ չունենք, բայց զինվորականների շրջանում վիրավորներ կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
«Հիմնականում Սրաշենից Հանդ տանող դիրքերի հատվածում ընթացող մարտերի արդյունքում մեծ կորուստներ ունենք՝ և՛ մարդկային կորուստներ, և՛ վիրավորներ։ Առավոտյան Կապանի ԲԿ է տեղափոխվել 30 վիրավոր, մենք 14-ին տեղափոխեցինք Երևան, որպեսզի ԲԿ-ն կարողանա նոր վիրավորներ ընդունել։
Զոհերի մարմինների հետ կապված, պատգամավորը հայտնեց. «Ես համոզմունք ունեմ, որ անտառներում մեր ընկերների դիեր կան, որ չեն հայտնաբերվել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: