Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մասնավորապես Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբար է երկու արկ ընկել, վնասվել են Ջերմուկի ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և անձնական օգտագործման մեքենաներ ու այլ գույքեր: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նա նշեց, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Որոտան, Վաղատին, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Դաստակերտ բնակավայրերի էլեկտրամատակարարման գծերն են խափանվել: Ադրբեջանի ռմբակոծության հետևանքով վնասվել են նաև շտապօգնության մեքենաներ:
Իսկ Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով ցորենի և գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ, ասաց նախարարը։
Ինչպես իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բոլոր վնասները մանրամասն կգույքագրվեն կառավարության կողմից միջոցների տրամադրումը լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հայկական կողմը 135 զոհ ունի:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։