ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի հանդամասերից մեկում առաջացած հրդեհի մարման աշխատանքներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի մի շարք ծառայողներ պարգևատրվել են: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
ՀՀ ՊՆ օդաչուների պատվիրակությանն ընդունել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Գնդապետը շնորհակալություն է հայտնել ՊՆ մասնագետներին դժվարին պահին արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման վերջում Արմեն Գասպարյանն ընթերցել է նախարարի հրամանը և հանձնել պատվոգրերն ու մեդալները:
Պատվոգրեր են հանձնվել ՀՀ ՊՆ N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ղեկապետեր, ավագ լեյտենանտներ Արման Աբգարյանին, Արտյոմ Հարությունյանին, կողային տեխնիկներ, ավագ լեյտենանտներ Արտեմ Շահազիզյանին, Տիգրան Ավետյանին, ավիացիոն սպառազինության և դեսանտային սարքավորումների սպասարկման խմբի ավիացիոն տեխնիկ, ավագ լեյտենանտ Կարեն Մխիթարյանին։
«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են էսկադրիլիայի ղեկապետ, կապիտան Գոռ Ղարիբյանը, էսկադրիլիայի ինժեներա-ավիացիոն ծառայության ավիացիոն սպառազինության և դեսանտային սարքավորումների սպասարկման խմբի ավագ ավիացիոն տեխնիկ, կապիտան Լևոն Դանիելյանը, իսկ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով՝ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Տիգրան Աշոտյանը և զորամասի ավագ ղեկապետ, փոխգնդապետ Սերգեյ Քեշիշյանը։