Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա աթիռիվ՝ Հայրապետական օրհնությունը բերելով Հայոց բանակի հրամանատարներին, զինվորներին և համայն ժողովրդին։
«Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ անմահացան՝ ընդունելով հանուն հայրենիքի նահատակության պսակը։ Սիրելիներ, մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը»,- հայտարարել է կաթողիկոսը։
Նրա խոսքով՝ մեզ պատած աղետալի ողբերգությունների, Արցախի բռնազավթման հանդիման՝ բոլորիս ջանքերով պիտի սատարենք մեր բանակին, քանզի Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության։
«Հավատն ունենք, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և համազգային միաբանությամբ կարող կլինենք դիմակայել մարտահրավերներին և հաստատել մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքը։ Եռաբլուրում, հայրենիքի սրբազան հողում ամփոփված մեր նահատակների քաջարի սխրանքը և լույս հիշատակը թող մեզ համար դառնան սրբազան ավանդ՝ աննվազ պահելու հայրենյաց սերը և նվիրումը, մեր ցավն ու վիշտը դարձնելու ուժ ու վճռականություն հանուն մեր հայրենյաց շենացման ու բարգավաճման»,- հավելել է կաթողիկոսը։
Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձն է։