Ռուսաստանը Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Ստարմարյովկա գյուղի մոտ «ֆիլտրացիոն միջոցառումների» կապակցությամբ կոչ է անում «նորմանդական ձևաչափով» և ԵԱՀԿ-ի գործընկերների միջոցով ստիպել Կիևին դադարեցնել բռնարարքները: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության տարածած մեկնաբանության մեջ։
«Շարունակում ենք հետևել իրավիճակի զարգացմանը։ Կոչ ենք անում նորմանդական ձևաչափի և ԵԱՀԿ-ի մեր գործընկերներին Կիևին դրդել դադարեցնել տեղի բնակիչների դեմ բռնի գործողությունները։ Մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, որտեղ էլ որ նրանք գտնվեն, այդ թվում՝ Դոնբասում», – ասված է փաստաթղթում։
ԱԳՆ-ում նշել են, որ գյուղում իրավիճակը բարդ է մնում այն պատճառով, որ այնտեղ «պարբերաբար այցելում են ԶՈՒ զինծառայողները՝ այսպես կոչված ֆիլտրացիոն միջոցառումների անցկացման համար»: «Նրանք յուրատեսակ պարետային ժամ են մտցնում, բնակիչներին արգելում են դուրս գալ տներից՝ անձնագրային ռեժիմը ստուգելու նպատակով։ Առավել կոշտ «միջոցառումները» տեղի են ունեցել ընթացիկ շաբաթվա սկզբին։ Ռուսաստանի և ԴԺՀ-ի անձնագրեր ունեցող քաղաքացիների մոտ այդ փաստաթղթերը առգրավվել են, իսկ նրանց տերերը ենթարկվել են բռնի գործողությունների: Դա նույնիսկ զինված էսկալացիա է առաջացրել, որը քննարկվել է հոկտեմբերի 27-ին շփման խմբի հանդիպման ժամանակ։ Բարեբախտաբար, գնդակոծությունների ժամանակ տուժել են միայն շենքերը, բայց ոչ մարդիկ», – ասվում է մեկնաբանության մեջ։