Թուրքիայի Մեծ ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին վավերացրել է Թուրքիայի և Լիբիայի միջև Ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որը առաջացրել է Աթենքի և Կահիրեի սուր արձագանքը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով պատգամավորների քվեարկության արդյունքներին:
Քվեարկությանը մասնակցած 306 պատգամավորներից 293-ը կողմ է քվեարկել հուշագրին:
Ավելի վաղ` նոյեմբերի 28-ին, Ստամբուլում Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրվել էր ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը ենթադրում է իրավական հիմքի ուսուցում, նախապատրաստում, կառուցակարգում, ինչպես նաև ռազմական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդում: Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրվել էր նաև Ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ փոխըմռնման հուշագիր, որն առաջ էր բերել Աթենքի սուր ռեակցիան: Հունաստանի Արտգործնախարարությունը թուրքական դեսպանին անմիջապես կանչել էր ստորագրված փաստաթղթի վերաբերյալ բացատրության համար:
Լիբիայի միջազգայնորեն ճանաչված խորհրդարանը ևս մերժել էր Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրված համաձայնագիրը: