Ղազախստանում ռուսական զորակազմի ընդհանուր թիվը չի գերազանցի 5000-ը, հայտնում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Նրա խոսքով՝ ռուսական զորքերի ընդհանուր թվաքանակը չի գերազանցի 5000-ը, դրանք կլինեն, մասնավորապես, 31-րդ գվարդիական առանձին դեսանտա-գրոհային բրիգադի (Ուլյանովսկ) և 98-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի (Իվանովո) ստորաբաժանումները, որոնք մտնում են ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ:
Պարբերականի աղբյուրը, որը մոտ է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը եւ ՀԱՊԿ քարտուղարությանը, նաեւ հաստատել է, որ խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար ՀԱՊԿ-ի մյուս անդամներից կարող են լինել ոչ մեծ ստորաբաժանումներ, որոնք մտնում են ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ-ի կազմի մեջ, հաղորդել է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ-ը հայտնել էր, որ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի որոշմանը համապատասխան, Ղազախստանի Հանրապետություն է ուղարկվել սահմանափակ ժամանակամիջոցում իրավիճակի կայունացման եւ կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժեր: Խաղաղապահ ուժերի կազմում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները: