Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունների հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, բայց ոչ Մինսկը
«Իհարկե, մենք խաղաղություն ենք ուզում, մենք ուզում ենք հանդիպել, մենք ուզում ենք պատերազմի ավարտը։ Մինսկից բացի ցանկացած այլ քաղաք մեզ հարմար է։ Ցանկացած քաղաք, որի տարածքից հրթիռներ չեն թռչում։ Միայն այդ դեպքում կարող են բանակցությունները ազնիվ լինել, միայն այդպես կարող է ավարտել պատերազմը»,- Զելենսկու խոսքը մեջբերում է Ria.ru-ն:
Հիշեցնենք, որ այսօր ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ բանակցելու ուկրաինական կողմի հետ: Այդ մասին հայտնել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ պատրաստ են այդ բանակցությունները սկսել Գոմելում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։