Հաագայի Միջազգային քրեական դատարանը հայտարարել է 2014 թվականից մինչ օրս Ուկրաինայում հնարավոր հանցագործությունների հետաքննության մասին: Նշվում է, որ խոսքն այն հանցագործություների մասին է, որոնք կատարվել են Ուկրաինայի տարածքի ցանկացած մասում հակամարտության ցանկացած կողմի կողմից: Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը մտադիր է դա անել հնարավորինս շուտ։
Հայտարարությունը դատարանի կայքում հրապարակել է դատախազի գրասենյակը։ Խանի խոսքով՝ հետաքննության առարկա կդառնան ինչպես ռազմական հանցագործություններն ու մարդկության դեմ հանցագործությունները, որոնք կատարվել են երկրի տարածքում 2014 թվականից ի վեր, այնպես էլ նոր ենթադրյալ հանցագործությունները։
Նա հիշեցրել է, որ մտահոգություն էր հայտնել Ուկրաինայում փետրվարի 25-ին ծավալվող իրադարձությունների կապակցությամբ, իսկ այժմ որոշել է հետաքննություն սկսել:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։
Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին։
Փետրվարի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Փետրվարի 28-ին Գոմելում բանակցություններ են տեղի ունեցել ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի համաձայն՝ բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։ Ավելի քան 5 ժամ տևած բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ կողմերը «նշել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց շուրջ ուրվագծվել են որոշակի որոշումներ»։ Հանդիպմանը քննարկվել է նաև մոտ ապագայում բանակցությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը, հավելել է Պոդոլյակը։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր հերթին ասել է, որ կողմերը «որոշ կետեր են գտել, որոնցով հնարավոր է ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել»։
Նրա խոսքով՝ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա լեհ-բելառուսական սահմանին մոտ օրերս։