Թուրքիայի և Ռուսաստանի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի թեման և ռուս-ուկրաինական բանակցությունները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Էրդողանը կոչ է արել կողմերին «գործել առողջ դատողությամբ և պահպանել երկխոսությունը»: Նրա խոսքով՝ Անկարան ցանկանում է իր խաղաղ ջանքերը պսակել «Պուտինի և Զելենսկու հանդիպման կազմակերպմամբ»։
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ստամբուլում ՌԴ և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հանդիպումը։
Այսպես, Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների դրական և կառուցողական «հանդիպումը խաղաղության հույս է ներշնչում», նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Էրդողանը Պուտինի հետ շփման ընթացքում շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման գոտուց Թուրքիայի քաղաքացիների և առևտրային նավերի տարհանման գործում Ռուսաստանի տրամադրած օգնության համար:
Իր հերթին ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել թուրք գործընկերոջը Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման հարցում աջակցության համար:
Կրեմլում նաև նշել են, որ պետությունների ղեկավարները «սկզբունքային գնահատականներ են տվել շարունակվող բանակցային գործընթացին»:
Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ ակնկալում է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման հստակ ամսաթիվը: Նա նշել է, որ նախագահների հանդիպման համար հիմք են հանդիսանալու ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների ստամբուլյան պայմանավորվածությունները։
Թուրքիայի առաջնորդը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամության մասին: