Թեհրանում խանութների և առևտրի կրպակների սեփականատերերի կողմից ընդդեմ հարկերի գանձման նոր համակարգի բողոքի ակցիա է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Ակցիային մասնակցել են Ամիրխոզուր և Ջոմհուրի փողոցների խանութների սեփականատերերը, որոնք այդ օրը փակել են իրենց կրպակները և դուրս եկել փողոց: Գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են տասնյակ մարդիկ, որոնք մասնակիորեն փակել են ավտոմեքենաների երթևեկությունը: Նշվում է, որ նման բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Արաք քաղաքում։
Գործակալությունը նշում է, որ հարկման նոր համակարգն ավելի վաղ առաջարկվել էր երկրի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կողմից՝ հարկերի վճարումից խուսափելը կանխելու և չապահովված փողերի տպագրության ծավալները կրճատելու համար: Դժգոհության մեկ այլ պատճառ է դարձել արժույթի գների աճը. վերջին օրերին երկրի բորսաներում դոլարի գինն աճել է 280 հազար ռիալ-ից մինչև 330 հազար ռիալ: