Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն արգելել է Air Moldova-ին և այլ ազգային ավիափոխադրողներին վերսկսել թռիչքները դեպի Մոսկվա։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Անդրեյ Սպինուն, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է «անվտանգությունն ապահովելու նպատակով»։ Արգելքն ուժի մեջ է մտնում այսօրվանից։
Ավելի վաղ Air Moldova ավիաընկերությունը հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից Մոսկվայի և Քիշնևի միջև ուղիղ չվերթները կվերսկսվեն։ Նշվել է, որ որոշումը պայմանավորված է հանրապետության այն քաղաքացիների «անհամար խնդրանքներով», ովքեր Ռուսաստանում են և ցանկանում են վերադառնալ տուն և վերամիավորվել իրենց ընտանիքներին։