Կիպրոսի Հանրապետությունը թույլ չի տա կղզում ռազմական ներկայությունն ավելացնելու սպառնալիքներով իրեն ներքաշել Թուրքիայի խաղերի մեջ։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։
«Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Կիպրոսը չի պատրաստվում ներքաշվել այն բանում, որ նրանք (Թուրքիայի իշխանությունները – խմբ.) մտադիր են իրականացնել օկուպացիոն բանակի չափը 40 հազարից հասցնել ևս մի որևէ թվի»,-ասել է կիպրոսցի հույների առաջնորդը: Նա հավելել է, որ կիպրական կողմն արդեն սկսել է մոբիլիզացնել իր ջանքերը դիվանագիտական ճակատում և ակտիվացնել շփումները բարեկամ երկրների, ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ՝ Անկարայի սպառնալիքները կանխելու նպատակով:
Անաստասիադիսի խոսքով՝ ռազմական ոլորտում իր երկրի մտադրություններն ու նպատակները «միայն այն է, որ ամրապնդեն զսպման ուժերը, որպեսզի պաշտպանեն Կիպրոսի Հանրապետությունը մյուսներից»: Նախագահի խոսքով՝ Հանրապետությանը հաջողվել է դառնալ «կայունության հենարան, խաղաղության հենարան, համագործակցության հենարան ողջ տարածաշրջանում՝ լինի դա Միջերկրական ծովի արևելյան մասում, թե արաբական աշխարհում, իսկ այժմ նաև դառնալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը»:
Զորահանդեսի մասնակիցներին է դիմել նաև Կիպրոսի պաշտպանության նախարար Հարալամբոս Պետրիդիսը, որն ընդգծել է, որ կիպրոսցի հույների պայքարը անկախության համար կշարունակվի մինչև կղզու ազատագրումը թուրքական օկուպացիայից և Կիպրոսի վերամիավորումը: Նա հիշեցրել է, որ հանրապետության ընթացիկ պաշտպանական բյուջեն ամենամեծն է վերջին երկու տասնամյակի ընթացքում, ինչպես նաև, որ երկիրը պաշտպանական գործընկերության մեջ առաջ է գնացել ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ սահմաններից դուրս: Բացի այդ, ռազմական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ վերջերս Կիպրոսի համար ամերիկյան զենքի էմբարգոն ամբողջությամբ հանելու մասին որոշումը, որը Վաշինգթոնը սահմանել էր 1987 թվականին՝ կղզու միավորման ջանքերի ակտիվացման համար, «բացի կարևոր քաղաքական ասպեկտից, ընդլայնում է սպառազինությունների գնման մատչելի տարբերակները»: