ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Վաշինգտոնը խորը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավիճակի վերաբերյալ, հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունները, և հաստատել Է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
«ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և կատարել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման իր պարտավորությունները, ինչպես նաև իր ուժերով ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը»,-ընդգծել է Բլինքենը։
Սեպտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։