Մերձմոսկովյան շրջանում տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 140-ի, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությանը հղումով։
Մերձմոսկովյան հիվանդանոցներից երեք տուժած արդեն դուրս է գրվել, սակայն 105 մարդ շարունակում է մնալ ստացիոնար բաժնում, ևս 31-ը գտնվում է ամբուլատոր բուժանմունքում։
Մոսկվայի մարզի գուբերնատոր Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված 133 մարդուց 50-ի ինքնությունը հնարավոր է եղել պարզել։
Փրկարարները մարել են շենքում բռնկված բաց կրակը, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Գործակալությունը նշում է, որ հրդեհը վերացնելու համար հրշեջներից մոտ մեկ օր է պահանջվել: Հրդեհն ընդգրկել է գրեթե 13 հազար քառ. մ տարածք՝ տանիքը և երկու վերին հարկերը:
Մարտի 23-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր ահաբեկչության 115 զոհի մասին։ Ավելի ուշ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր 11 մարդու, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն ներգրավված բոլոր չորս ահաբեկչի ձերբակալության մասին։ Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ ժամանել է Թուրքիայից։
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Մոսկվայի Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ճշտվում են տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի մասին տեղեկությունները։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահը մարտի 24-ը Ռուսաստանում համազգային սգո օր էր հայտարարել։