Ֆրանսահայ հայտնի քաղաքական և հասարակական գործիչ, Ֆրանսիայի Օ-Դը-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է Դևեջյանը Twitter-ի իր միկրոբլոգում։
Դևեջյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջական վիճակը մտավախությունների տեղիք չի տալիս:
«Ինձ էլ վարակեց համաճարակը, հետևաբար, ուզում եմ վկայակոչել բժիշկների և բոլոր խնամակալների բացառիկ աշխատանքը: Հոգնած, բայց նրանց շնորհիվ կայունացած ես վեր եմ կենում և նրանցից շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում՝ բոլոր հիվանդներին նրանց մշտական օգնության համար»,-գրել է Դևեջյանը։
Պատրիկ Դևեջյանը հինգ անգամ ընտրվել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, չորս անգամ ՝ Անտոնի քաղաքի քաղաքապետ։ 2002 թվականին նա նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերով նախարար, իսկ 2004 թվականին՝ Ֆրանսիայի արդյունաբերության նախարար։ Դևեջյանը հայտնի է նաև իր ակտիվ հայամետ լոբբիստական գործունեությամբ, նա բազմիցս բացեիբաց հանդես է եկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման օգտին։