Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին։
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Չինաստանի նախագահին շնորհավորել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում արձանագրված մեծ առաջընթացի առթիվ:
Նախագահ Սարգսյանը, օգտվելով առիթից, իր խորին երախտագիտությունն է հայտնել Չինաստանի կողմից նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ Հայաստանին շարունակաբար ցուցաբերվող օժանդակության համար:
Հայաստանի համար ուսանելի համարելով Չինաստանի փորձը վարակի տարածումը կանխարգելելու և հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու գործում՝ նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ առաջարկել է դիտարկել Չինաստանի կողմից Հայաստանին հետագա օժանդակության ցուցաբերումը սարքավորումների, համապատասխան պարագաների, ինչպես նաև մասնագիտական օժանդակության ձևով: