Իսրայելի բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի մեծ ավիաբազաներին՝ խոցելով տասնյակ կործանիչներ և ուղղաթիռներ, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության ծառայության երկու աշխատակցի։
Նրանց խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է նաև ենթակառուցվածքներ։
Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը տեղեկացրել է, որ Սիրիայի մի քանի շրջանների տարբեր ռազմական օբյեկտների դեմ ավելի քան 100 իսրայելական հարված է հասցվել, որոնցից վերջինը Դամասկոսի Բարզա շրջանում գտնվող գիտահետազոտական կենտրոնն է:
Դեկտեմբերի 9-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գոլանի բարձունքները, ուր Իսրայելը դեկտեմբերի 8-ին զորք էր տեղակայել, հավերժ կմնան Իսրայելի անբաժանելի մասը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։