Երևան քաղաքի ավագանին ապրիլի 28-ի նիստում կքննարկի Մահաթմա Գանդիի արձանը Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու մասին նախագիծը։
Նախագիծը ներառված է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում։
Ըստ նախագծի՝ որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը` դրանով իսկ առավել ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները:
«Գրության մեջ նաև նշվում է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաև կհոգա արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը»,- նշված է նախագծում։
Նախագծում նշված է նաև, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը հավանության է արժանացել Երևանի գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից, ինչպես նաև համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի Ավագանու անդամ Լևոն Զաքարյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն առաջարկվում է Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։ Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին։
Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը՝ Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր: