ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր նշում է ծննդյան 80-ամյակը:
ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ շնորհավորելու Վարպետին հոբելյանի առթիվ:
Նախարար Վ. Դումանյանը, շնորհավորելով և քաջառողջություն մաղթելով մեծանուն արվեստագետին, ընդգծել է. «Հայկական բալետային արվեստում անուրանալի են Ձեր դերն ու ազդեցությունը, նվիրումն ու վաստակը: Շնորհակալ ենք Ձեզ մշակութային բեղուն գործունեության և մեծ ավանդի համար»:
Ի նշանավորումն Վիլեն Գալստյան արտիստի 80-ամյա հոբելյանի՝ ցուցադրվել է նրա կենսագործունեությունն ամփոփող տեսաֆիլմ, որում, ինչպես Վարպետն է բնորոշում՝ «Բալետի մասին չի կարելի խոսել, այն պետք է նայել, վայելել, զգալ»:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս, շնորհավորելով Վիլեն Գալստյանին և արժևորելով նրա դերը հայ մշակութային կյանքում, նշել է. «Դուք լույս եք վառել հազարավոր սրտերում՝ մարդկանց տալով գեղեցիկի ընկալում, նրբացրել եք մարդկանց զգայարանները, որովհետև երաժշտությունից հետո ամենամաքուր արվեստը բալետն է: Առո՛ղջ եղեք և մեր կողքին»:
Ի պատասխան շնորհավորանքների՝ Վարպետն ընդգծել է՝ բալետից գեղեցիկ ոչինչ չկա: Վիլեն Գալստյանը բեմում է արդեն 65 տարի: