Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այսօրվա հայտարարությանը: Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը պահանջում է, որ Վարդանյանը լքի Լեռնային Ղարաբաղը։
«20 տարի է՝ Արցախ եմ գալիս։ Շատ նախագծեր եմ արել, Շուշիյում մզկիթի վերականգնում եմ կազմակերպել։ Ես արցախյան արմատներ ունեմ, տատս այստեղից է։ Ես այստեղ տուն ունեմ, և ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու պետք է այստեղից հեռանամ։ Միշտ արել եմ ամեն ինչ, որպեսզի Արցախի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդները կարողանան կողք կողքի ապրել, բայց ոչ միասին։ Դա միակ հնարավորությունն է բոլոր կողմերի համար, որպեսզի խուսափեն հակամարտությունից», — հայտարարել է Վարդանյանը РБК-ին տված հարցազրույցում։
Պետնախարարի խոսքով՝ Ստեփանակերտը համաձայնել է Լաչինի միջանցքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ այն որոշմանը, որն առաջարկվել է ռուս խաղաղապահների կողմից։ «Սակայն ադրբեջանական կողմը дրանից կտրականապես հրաժարվեց։ Այլ բան է, որ մինչ այդ եղել են ադրբեջանական կողմի ճանապարհների փակում, փորձագետների մուտքի փակում», – ասաց նա։ Վարդանյանն ընդգծել է, որ այն հարցերը, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, պետք է լուծվեն Արցախի կառավարության հետ բանակցությունների միջոցով։
Նա նաև գնահատել է Մոսկվայում Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումից Երևանի հրաժարումը։ Վարդանյանը պատասխանել է, որ դա «Հայաստանի արտգործնախարարի և, հավանաբար, Հայաստանի վարչապետի որոշումն էր»։ «Դա նրանց որոշումն է։ Ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե նրանք այդ թվում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հասցնեին Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին, ով, ինձ թվում է, մինչև վերջ տեղեկացված չէր, թե ինչ է կատարվում այստեղ և ով է հրաժարվել ինչ – որ որոշումներից», – ասել է պետնախարարը։
Ռուբեն Վարդանյանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնահատել է որպես «լիարժեք հումանիտար ճգնաժամ», քանի որ տարածաշրջանը Հայաստանին կապող միջանցքը արգելափակած «բնապահպանական ակտիվիստները» թույլ են տալիս միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաները: «Հայկական համարանիշներով մեքենաներն անցնում են միայն Կարմիր Խաչի ուղեկցությամբ։ Դրանով խախտվում է համաձայնագրի իններորդ կետն այն մասին, որ ճանապարհը պետք է ազատ լինի», — ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: