ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման գոտի, որը գտնվում էր ադրբեջանական կրակոցների տակ, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել էր, որ Երասխում Բաքվի կողմից հայկական դիրքերի գնդակոծման ժամանակ օտարերկրյա երկու քաղաքացի է վիրավորվել։ Նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են, որոնք ներգրավված են օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Երասխ գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերը։ «Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վնասվել է քաղաքացիական մեքենա և ևս մեկ օբյեկտ»,- հայտնում էր գերատեսչությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմն ուղղորդված կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ «Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ»,- ասված էր հայտարարությունում: