Բողոքի ցույցերի արդյունքը Հայաստանում կորոշի հայ հասարակության ապատիան ու վախերը հաղթահարելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների կարողությունը, գրում է Ռուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրության Բեռլինի «Քարնեգի» կենտրոնը։
Հոդվածի հեղինակ Ալեքսանդր Աթասունցևի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմնված է ցուցարարների՝ «երկիրը փրկելու» այլընտրանքային ծրագրի բացակայության վրա։
«Հայաստանի ղեկավարը բազմիցս ցույց է տվել իր անսասանությունը, և ներկայիս դիմակայության ելքը նույնպես կանխորոշված չէ։ Դա մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք բողոքի առաջնորդները կկարողանա՞ն հաղթահարել հայ հասարակության ապատիան ու վախերը»,- գրում է կենտրոնը։
Աթասունցևը մատնանշել է ընդդիմության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի նոր հանգամանքները. բողոքի ակցիաներին ակտիվորեն աջակցում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները և եկեղեցու ներկայացուցիչները։ Բացի այդ, առաջին անգամ բողոքի ակցիաները ղեկավարել է ոչ թե քաղաքական գործիչ, այլ «բոլորովին այլ աշխարհից մի մարդ՝ անցյալի սխալներով չպղծված»՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Աթասունցևը նոր պատերազմի սպառնալիքի ներքո սահմանների սահմանազատման ժամանակ տարածքային զիջումներն անվանել է «նոր ստորացում» և դրանց հետ կապել երկրում տիրող ընդհանուր դեպրեսիան։ Փաշինյանի «անխորտակելիությունը» վերլուծաբանը բացատրել է նաև նախկին առաջնորդների նկատմամբ ժողովրդի անվստահությամբ և հասարակության իներցիայով։
«Երկրի բնակիչները կարծում են, որ այլ իշխանության օրոք նույնպես կլինեին սահմանային հակամարտություններ, տարածքների զիջումներ և հայերի տեղահանում Ղարաբաղից։ Շատ հայերի աչքերում Փաշինյանը, չնայած իր բոլոր թերություններին, գոնե ձգտում է խուսափել նոր պատերազմից»,- պարզաբանել է նա։
Հայաստանի քաղաքացիների համար իշխանափոխության մյուս մտավախությունը 2018 թվականի հեղափոխական փորձն էր, որը հանգեցրեց Ադրբեջանի հետ պատերազմին և Լեռնային Ղարաբաղի կորստին, կարծում է Աթասունցևը։ Ընդ որում՝ այն, ինչ տեղի է ունենում, կարող է դառնալ Փաշինյանի համար ամենալուրջ մարտահրավերն իշխանության ողջ վեց տարիների ընթացքում, հավելել է հեղինակը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Շարժումը մայիսի 30-ի վաղ առավոտից բողոքի ակցիաներ էր իրականացրել Երևանում։ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները երթով շարժվել էին հրապարակ՝ արգելափակելու կառավարության շենքը, ուր նիստ էր անցկացվում։ Նման կոչ նա արել արել էր մայիսի 29-ին։