Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սյունիքում տեղակայված ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդից և մյուս տարածքների մեծ մասից, լրագրողներին հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ չնշելով, թե երբ են դուրս եկել։
Նա հայտարարել է, որ անձամբ չի հսկում գործընթացը, սակայն տեղյակ է, որ տարածքների մոտավորապես 80%-ը ռուս սահմանապահներն արդեն լքել են, իսկ 20% տարածքներում որոշ պատճառներով դեռևս մնում են։
Ղուկասյանը հավելել է, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացման մանրամասներին չի տիրապետում։
«Ես որևէ տեղեկություն չունեմ, ինձ որևէ պաշտոնական փաստաթուղթ չի եկել»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Տեղ համայնքի հարակից արոտավայրերի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու հետևանքով ստեղծված իրավիճակին, ապա մարզպետի խոսքով՝ այլընտրանքային լուծում են գտել։
«Համայնքի հետ միասին նոր հողատարածքներ մուտք ենք ապահովել, և այդ խնդիրն այդպես լուծվում է, մինչև սահմանազատում-սահմանագծում, հույս ունենանք, որ կլինի այնտեղ, և այդ տարածքները կվերադարձվեն»,- պարզաբանել է Ղուկասյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Տավուշից հետո սահմանազատման հնարավոր կետը Սյունիքը կդառնա, Ղուկասյանն ասել է, որ մարզում այդ մասին շատ չեն խոսում, սակայն հուսով են՝ գործընթացի արդյունքում վերադարձնել Սյունիքի մարզին պատկանող տարածքները։
«Ես չեմ կարծում (որ տարածքներ անցնեն Ադրբեջանի վերահսկողությանը- խմբ․), կարծում եմ, որ ավելի շատ տարածքներ կվերադառնան»,- եզրափակել է մարզպետը։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 17-ին Հանրային հեռուստատեսության եթերում խոսել էր ՀՀ-ում ռուս սահմանապահների խնդրի մասին և մեկնաբանել նրանց դուրսբերումը ՀՀ-ի որոշ մարզերից։
Մայիսի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռիա նովոստի»-ին հաստատել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ։ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը մայիսի 14-ին հայտնել էր, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Թուրքիայի և Իրանի հետ սահմանին։