Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող Բեյթ Հիլել բնակավայրի ուղղությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով շարժմանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ գնդակոծությունն իրականացվել է Իսրայելի բանակի կողմից Լիբանանի հարավային բնակավայրերի գնդակոծությանն ի պատասխան։
Times of Israel-ն օգոստոսի 3-ին հայտնել էր, որ Լիբանանը հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսային հատվածի ուղղությամբ։
Հուլիսի 31-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» հրամանատարը, որին մեղադրում էին հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Հուլիսի 31-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել էին Թեհրանում։ Նրանց սպանության համար ՀԱՄԱՍ-ը մեղադրել էր Իսրայելին։ «Հեզբոլլահը» և ՀԱՄԱՍ-ը հայտարարել էին Իսրայելից վրեժ լուծելու մասին։
Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր Մաջդալ Շամսի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով: