Ադրբեջանը ցանկանում է միանալ BRICS-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
«BRICS-ին միանալ ցանկացողների մեծ հերթ է գոյացել։ Ադրբեջանն, իսկապես, նման ցանկություն է հայտնել։ Մենք դրա մասին խոսել ենք ռուս գործընկերների հետ, բայց դա գործընթաց է և աշխատանք է պահանջում»,- ասել է նա։
BRICS-ը հիմնադրվել է 2006-ին՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից։ 2011-ին BRICS-ին է միացել Հարավային Աֆրիկան, իսկ 2024 թվականի հունվարի 1-ին՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան։ Այս տարի Ռուսաստանը նախագահում է միավորումը։ BRICS-ի գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը։
Օգոստոսի 16-ին Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան։ Ըստ հաղորդագրության՝ կողմերն այցի արդյունքներով նախատեսում են ընդունել համատեղ հայտարարություն, ինչպես նաև ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։