Ադրբեջանում Ռուսաստանի նոր գլխավոր հյուպատոսության հնարավոր բացման հարցը մշակվում է քաղաքական մակարդակով, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը:
«Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունների ձևակերպմանը զուգընթաց՝ հյուպատոսական դեպարտամենտը կմիանա դրանց հետ կապված գործնական քայլերի իրականացմանը»,- ասել է նա։
Կլիմովն այսպես է պատասխանել հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք առաջընթաց գրանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի արդյունքներով Ադրբեջանում ռուսական նոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ Ղարաբաղում գլխավոր հյուպատոսության բացման հարցում։
Պուտինը պետական այցով Բաքվում էր օգոստոսի 18-19-ը։ Նա Ալիևի հետ քննարկել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ալիևը Հարավային Կովկասի անվտանգությունը կապել էր ՌԴ-ի և Ադրբեջանի համագործակցության հետ։