ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տարեվերջյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև երաժշտարվեստի ոլորտին, կրթամշակութային, հոբելյանական, ներառական ծրագրերին, որոնք իրականացվել են նախարարության աջակցությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Երաժշտարվեստի ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնցից ուզում եմ առանձնացնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ «Բեթհովենի սիմֆոնիաների» ձայնագրությունը, որն արվել է ամենադժվար օրերին, և, կարծեք, դա մեզ համար կամքի ու ոգու ամրապնդման մի արարողություն էր: Աջակցություններ են եղել նաև կերպարվեստի, պարի ոլորտներին: Այս համատեքստում պետք է նշեմ «SUMMEET» ժամանակակից պարի փառատոնի կարևորությունը, որը լայն արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս»,- ասել է նախարարի տեղակալը:
Ն ա նշել է, որ Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների փոխգործակցության՝ «Քույր դպրոցներ» կրթական նպատակային ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել է 400 սովորող և ուսուցիչ, իսկ 2022 թվականին ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով 60-65 ուսումնական հաստատություն:
««Զարդագիր» ծրագրի շրջանակում կազմակերպվել են հայկական մանրանկարչության վարպետաց դասեր, որոնք բաղկացած են 3 մասից՝ հաղորդման դիտում, քննարկում մասնագետի հետ, գործնական հատված։ Վարպետաց դասն անցկացվել է Գորիս, Կապան քաղաքներում և Արցախի Վանք գյուղում։
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Արվեստասերունդ» նախագիծը մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ին և շարունակվել մինչև սեպտեմբերի 30-ը: Կինոմիության մեծ դահլիճում և գործնական աշխատանքների մեծ սրահում իրականացվել է «Անիմացիոն» և «Կինոնկարչության» 32 աշխատարան, որին մասնակցել են հանրակրթական և արվեստի 42 դպրոցների 148 դպրոցականներ: Տաղանդի զարգացման «Մեկնարկ» նպատակային ծրագրի պատանիները մասնակցել են 18 առցանց երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակների, ինչպես նաև վարպետության դասեր ստացել աշխարհի լավագույն մասնագետներից։ Գեղագիտության ազգային կենտրոնը պետական աջակցությամբ Մեղրիում իրականացրել է լուսանկարչության, վավերագրական կինոյի, գրաֆիկական դիզայնի, ճարտարապետության, գեղարվեստական տպագրության և գրական աշխատանքի վարպետության դասեր»-հայտնել է փոխնախարարը։
Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագիրը կրող ծրագիրը մեծ կարևորության նախագիծ է, որի շրջանակում հանրապետության լավագույն մշակութային իրադարձությունները «գնում են» մարզեր և սահմանամերձ համայնքներ:
«Ծրագրի շրջանակում Երգի պետական թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս քաղաքներում, ՀՀ Տավուշի մարզ Բերդավան, Բերդ քաղաքներում, Ազատամուտ գյուղում, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի, Կապան քաղաքներում և Դարբաս գյուղում: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Վահագն Հայրապետյան» տրիոն Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին նվիրված համերգներով հանդես են եկել Գորիս ու Կապան քաղաքներում: Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հանդես է եկել Բերդ, Ճամբարակ, Վարդենիս, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում, նոյեմբերին էլ՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի քաղաքներում»,- տեղեկացրել է փոխնախարարը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ հավելելով՝ 2022 թվականին ծրագիրը լինելու է շարունակական: