Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է վերադառնան փոքր հայրենիք, և Երևանը չի վիճարկի Ղարաբաղում բնակվելու իրենց իրավունքը՝ նշել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության յոթերորդ կետը:
«Այս հարցի պատասխանը երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ է։ Հայտարարության յոթերորդ կետն ասում է՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հսկողության ներքո»: Դրան ավելացնելու ոչինչ չկա»,- ասել Է Զախարովան։
Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաինյանն արել էր հայտարարություններ, որոնց Արցախի իշխանությունները բավականին բուռն էին արձագանքել։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններին։ Նա նշել էր, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: