Օտարերկրյա պետություններում 2022թ. 3-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է ՀՀ վավերական 163 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում՝ այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (86 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (77 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Այս առնչությամբ այսօրվա կառավարության նիստում ընդունվեց ՀՀ ԱԳ նախարարության ներկայացրած նախագիծը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ ԱԳՆ-ի, կապված է դեռևս 2012-ին ընդունված որոշմամբ, ըստ որի՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
«Որոշման 2-րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի առաջարկություն՝ տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացված գումարի չափով, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձնագիր տալու կամ փոխանակելու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտի և ծախսերի ծրագրային ցուցանիշներից յուրաքանչյուրը կավելանա համապատասխանաբար 9,370.0 հազ. ՀՀ դրամով: